ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ֆրանսիացիներին չնեղացնենք, իսկ Սևանը, ոչինչ, հո չի՞ բողոքի

Ֆրանսիացիներին չնեղացնենք, իսկ Սևանը, ոչինչ, հո չի՞ բողոքի
15.08.2008 | 00:00

ՊԵՏՔ Է «ԹԱՓ ՏԱԼ» «ՀԱՅՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
«Սևանա լճից ավելի ջուր են վերցնում, որովհետև վախենում են օլիգարխների առանձնատները մնան ջրի տակ, անունն էլ դնում են` գյուղատնտեսությունը ջրի կարիք ունի»։ «Չէ՜, հա, խնդիրը դրանում չի, ուղղակի լճի մակարդակի բարձրացման պատճառով լճից ծառերի մաքրման գլխացավանքից փորձում են ազատվել»,- այսպես են մեկնաբանում բնակչության տարբեր խավերը Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր վերցնելու մասին կառավարության վերջերս ընդունած որոշումը։ Բնականաբար, տարաբնույթ խոսակցություններից բացի, մենք ունենք մեր մոտեցումը, ինչի մասին կխոսենք քիչ ուշ։
Եթե հիշում եք, օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջարկեց 360 մլն խմ լրացուցիչ ջուր վերցնել Սևանա լճից՝ ոռոգման նպատակով։ Թեև պաշտոնյան նշեց, որ վերջին յոթ տարիների ընթացքում սա առաջին տարին է, որ լրացուցիչ ջուր է վերցվում, այնուհանդերձ, նկատենք, որ նման առաջարկ այս տարի արդեն երկրորդ անգամ է հնչում։ Դեռևս գարնանը ԱԺ-ում Անդրանիկ Անդրեասյանն առաջարկել էր 300 մլն խմ լրացուցիչ ջուր վերցնել Սևանից նույն նպատակներով, սակայն ԱԺ-ն հաստատեց ընդամենը 260 մլն խմ։ Ըստ համակարգին մոտ կանգնած աղբյուրների` այս անգամ էլ Ազգային ժողովը 360 մլն խմ-ն նվազեցնելու է մինչև 300 մլն։
Ինչ խոսք, այն, որ գյուղատնտեսությունում ոռոգման ջուրը կենսական ուժ ունի, նորություն չէ։ Չենք ժխտում նաև այն փաստը, որ շուրջ 25 տոկոսով ցանքատարածքների ավելացումը և նվազ տեղումները պետք է որոշակի խնդիրներ առաջացնեին գյուղատնտեսության ոլորտում, սակայն հետաքրքրականն այն է, որ ոռոգման ջրի սակավության բացասական ազդեցության մասին լրատվամիջոցները սկսեցին շեփորահարել ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի առաջարկից հետո։ Այժմ էլ տարբեր հեռուստաընկերություններով պարբերաբար գյուղական տնտեսությունների ներկայացուցիչներն աղաղակում են առկա խնդրի վերաբերյալ։ Միանշանակ է, որ գյուղատնտեսությունն ունի պարենային ռազմավարական նշանակություն երկրի համար։ Եվ այս դեպքում լրացուցիչ ջրի ապահովումը խիստ անհրաժեշտ է դառնում։ Սակայն, մյուս կողմից, չմոռանանք, որ ոչ հեռու անցյալում, ընդամենը 7-8 տարի առաջ, Հայաստանը կանգնած էր Սևանից զրկվելու վտանգի առջև։ Եվ երբ առաջարկվեց Սևանա լճից ջրի բացթողումը նվազեցնել, ու Սևանա լճի մակարդակի բարձրացումը դարձավ գերնպատակ, էներգետիկները, գյուղատնտեսները, յուրաքանչյուրն իր հերթին փորձում էր իր ոլորտի առջև ծառացած խնդիրները լուծել Սևանա լճի հաշվին, ավելին՝ մտավախություն ունեին, որ նվազեցնելով լճի ջրի օգտագործումը, ոլորտում մեծ խնդիրներ կառաջանան։ ՈՒ թեև վերջիններս դեմ էին իրենց «փայը» լճից նվազեցնելուն, այնուհանդերձ, կանխատեսումները չիրականացան։ Ավելին՝ 2000 թվականից մինչ այժմ իրականացված ճիշտ քաղաքականության և խնամքով տնտեսավարմամբ կատարված քայլերի արդյունքում բնապահպանները հասան նրան, որ Սևանա լճի մակարդակը 2 մետրով բարձրացավ։ Դրանից չտուժեցին ո՛չ էներգետիկայի, ո՛չ էլ գյուղատնտեսության բնագավառները։ Այսինքն, այդ բոլոր խնդիրների համալիր լուծմանը զուգահեռ, Հայաստանը վերականգնեց զբոսաշրջության ոլորտը զարգացնող իր հիմնական բնական պաշարներից մեկը, որը նաև հանդիսանում է ձկնարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ վայր։ Իսկ եթե սրան էլ հավելենք, որ Սևանա լիճը տարբեր, պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածներում լուծել է սոցիալական լուրջ խնդիրներ, ապա Սևանա լճի մակարդակի պահպանումը պետք է հանդիսանա պետական հոգածության խնդիր։ Եվ եթե անգամ ջրային տնտեսության կոմիտեն գյուղնախարարության հետ միասին պնդի միլիոնավոր խորանարդ մետրերով ջուր վերցնելու իր առաջարկը, ապա, կարծում ենք, ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է «պատերազմի» անգամ պետական այդ կառույցների հետ, որոնք մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեծ քանակությամբ ջուր են տանում Սևանից։
Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս բնապահպանները ջրային կոմիտեի հետ «քյալլա տան», եթե տուժում են հացահատիկը, այլ բերքեր, վտանգվում է անգամ աշնանացանը։ Էլ որտեղի՞ց ջուր ճարեն, եթե ոչ` Սևանից։ Նման դեպքում մեր պատասխանը մեկն է՝ «թափ տալ» «Հայջուր» ֆրանսիական ընկերությանը և նրանից պահանջել լրացուցիչ ջուրը։ Շատերի համար մեր այս մոտեցումը գուցեև անտրամաբանական թվա։ Սակայն հենց այստեղ է խնդրի հիմնապատճառը և ոչ թե օլիգարխների առանձնատների կամ էլ ջրի տակ մնացած ծառերի մեջ։ Այն, որ այս տարի տեղումները նվազ են եղել, փաստում են նաև պատկան կառույցները, սակայն արդյո՞ք Ապարանի և Ազատի ջրամբարներում ջրի կուտակման խնդիրը նվազ տեղումների հետևանք է։ Հիշեցնենք, որ, ըստ Անդրանիկ Անդրեասյանի, հենց այդ ջրամբարներում ջրի ցածր կուտակումն է առաջացրել նաև Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու պահանջարկը։ Սակայն, ըստ փորձագետների, պատճառը ջրի կորուստներն են, ինչպես նաև հնացած ենթակառուցվածքները։ Մինչդեռ համակարգն այլ ընկերության կառավարման հանձնելու նպատակը ջրի կորուստների նվազեցումն էր և ենթակառուցվածքների արդիականացումը։ Ոլորտին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ենթակառուցվածքները ոռոգման համակարգում գրեթե քայքայված վիճակում են։ Մինչդեռ անցած շաբաթ կառավարության նիստում Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ ոռոգման համակարգին 36 մլն դոլարի վարկ է տրամադրվում «Ասիական զարգացման բանկի» կողմից, և առաջարկեց, որ այդ գումարները տրվեն «Հայջուր» ընկերությանը, քանի որ նա միջազգային ճանաչում ունի։ Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կողմից 2004-2008 թթ. համար «Հայջրին» արդեն տրամադրվել էր 23 մլն դոլար։ Ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները, և ինչո՞ւ միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերությունը չի փորձում Հայաստանում կատարել իր պարտավորությունները, անհասկանալի է, ինչպես նաև անհասկանալի են Հայաստանի պատկան կառույցների կողմից վարկը ֆրանսիական ընկերությանը հատկացնելու ջանքերը։ Եվ ինչո՞ւ մերոնք օրենքով սահմանված իրենց իրավունքները չեն բանեցնում «Հայջուր» ընկերության հանդեպ՝ պարտադրելով պատշաճ կերպով իրականացնել իր պարտավորությունները։ Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում. ֆրանսիացիներին չնեղացնենք, իսկ Սևանը, ոչինչ, հո չի՞ բողոքի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 10890

Մեկնաբանություններ